Հանրագիտարան

Չարլզ Դիքենս

Անգլիացի անվանի գրող Չարլզ Դիքենսը (1812թ. փետրվարի 7 - 1870թ. հունիսի 9) 12 տարեկանից աշխատել է նախ ֆաբրիկայում, ապա՝ իրավաբանական գրասենյակում, որտեղ կազմել է արձանագրություններ և գրառել վկաների ցուցմունքները: Երկար ժամանակ աշխատել է լոնդոնյան թերթերում, գրել հոդվածներ ու ակնարկներ Լոնդոնի մասին:

Դիքենսի «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» (1837թ.) վեպը մեծ հռչակ է բերել նրան: Վեպի հերոսները մի խումբ ուրախ և ունևոր մարդիկ են, որոնք սիրում են հաճելի ու զվարճալի ժամանցներ և հաճախ են հայտնվում արկածների աշխարհում ու զավեշտալի իրավիճակներում: 

Դիքենսը 1838թ. լույս է ընծայել «Օլիվեր Թվիստի արկածները» վեպը, որն ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի գետնախորշերում ապրող թշվառների աշխարհը: Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար:
 
Դիքենսն առաջինն է անդրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին: Մանկության թեման արծարծված է նաև նրա «Դոմբի և որդի» (1848թ.) վեպում: Դոմբիի երեխաները թեև ապրում են բարեկեցիկ կյանքով, սակայն դժբախտ են ու անտեսված,  որովհետև զրկված են ծնողական քնքշանքից: 
 
Դիքենսի մյուս վեպը՝ «Դավիթ Կոպերֆիլդը» (1850թ.), որն ինքնակենսագրական տարրեր է պարունակում, մի կյանքի պատմություն է, որտեղ գլխավոր հերոսը մանկուց պայքարում է անարդարության և անիրավության դեմ, մաքառում իր ու բարեկամների երջանկության համար և, ի վերջո, հաղթանակում:
 
Դիքենսը գրել է նաև «Նիկոլաս Նիքլբիի կյանքն ու արկածները» (1839թ.), «Հնությունների կրպակ» (1841թ.), «Սառը տունը» (1853թ.), «Երկու քաղաքի պատմություն» (1859թ.), «Էդվին Դրուդի գաղտնիքը» (1870թ.) և այլ վեպեր:
 
Նրա մի շարք գործերի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր, իսկ «Օլիվեր Թվիստի արկածները» վերածվել է նաև մյուզիքլի (1969թ., արժանացել է Օսկար մրցանակի) և մուլտիպլիկացիոն ֆիլմի: Դիքենսի ստեղծագործություններն առաջին անգամ հայերեն են թարգմանվել 1882թ.:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: